Հայրենատիրության միայնակ խաչակիրը

Printer-friendly versionPrinter-friendly version
Վահան Քարտաշյան, Vahan Cardashian
2009թ. հունիսի 11-ին լրանում է հայոց նորագույն պատմության քաղաքական մեծագույն դեմքերից մեկի՝ Վահան Քարտաշյանի մահվան 75-ամյա տարելիցը: Մարդ, որի անունն այսօր քչերին է հայտնի, սակայն որի նվիրումը հայրենատիրության գաղափարին և որի վաստակը հայոց պահանջատիրության գործում անգերազանցելի է առ այսօր: 
Վահան Քարտաշյանն այն մարդն է, որին մենք մեծապես պարտական ենք Միացյալ Նահանգների Սենատում հայության՝ առ այսօր տարած մեծագույն, թերևս միակ, հաղթանակի համար: Վահան Քարտաշյանն այն մարդն է, որին հաջողվել է համախմբել ամերիկյան հանրային կարծիքն ու քաղաքական կամքն ընդդեմ ամերիկա-թուրքական՝ 1923թ. օգոստոսի 6-ին Լոզանում կնքված պայմանագրի և դրանով անխաթար պահել, ավելին՝ վերահաստատել հայոց պահանջատիրության հիմքը հանդիսացող՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: 
 Վահան Քարտաշյանը ծնվել է Կեսարիայում 1883թ. դեկտեմբերի 1-ին: Հայրը հաջի Նազար աղա Քարտաշյանն էր, մայրը՝ Մարիամ Գալայճյանը: Քարտաշյան ընտանիքն ուներ երկու որդի՝ Կարապետ և Վահան, և մեկ դուստր՝ Հրանուշ: Հայկական դպրոցում նախնական կրթությունը ստանալուց հետո Վահանը մեկ տասնամյակ ուսանում է սբ Բարսեղ Կեսարացու անունը կրող ֆրանսիական ճեմարանում (L’Université de St. Basil), ապա երկու տարի՝ տեղի ամերիկյան վարժարանում (Talas American College): 
Վահան Քարտաշյանը 1902թ. տեղափոխվում է ԱՄՆ, ուր 1904-1908 թթ. իրավագիտություն է ուսանում Յելի (Yale) համալսարանում: Այդ ընթացքում նա խորամուխ է լինում ամերիկյան հասարակական կյանքի մեջ, գրում է հարյուրավոր հոդվածներ, հրապարակում 2 գիրք՝ «XX դարի Օսմանյան կայսրությունը» (The Ottoman Empire of the Twentieth Century) և «Թրքական հարեմի իրական կյանքը» (Actual life in Turkish Harem):
1907թ. մայիսի 15-ին ամուսնանում է կանանց իրավունքների առաջամարտիկ Քորնելյա Ալեքսանդր-Հոլաբի (Cornelia Alexander Holub) հետ: Ուսումն ավարտելուց հետո 1909թ. նա ընդգրկվում է Նյու Յորքի իրավաբանների ընկերակցության մեջ և սկսում մասնավոր իրավաբանական գործունեություն: Դրանք հենց այն տարիներն էին, երբ Օսմանյան կայսրության մեջ տեղի էին ունեցել հեղաբեկիչ իրադարձություններ:
Ազատության, հավասարության և եղբայրության բարձրագոչ և խիստ գայթակղիչ կարգախոսով իշխանության էին եկել «Երիտասարդ թուրքերը»: Սա այն ժամանակահատվածն էր, երբ հայերը հերթական անգամ հավատում էին, որ թուրքերը փոխվել են, և նրանք այլևս «այն թուրքերը» չեն, ուստի Քարտաշյանը 1911թ. ընդունում է թուրքական դեսպանորդի առաջարկը՝ ստանձնել դեսպանության խորհրդականի և Նյու Յորքի թուրքական հյուպատոսության իրավախորհրդատուի պաշտոնը: 
Սակայն երբ 1915թ. կեսերին Ամերիկա են հասնում հայոց ջարդերի և աքսորների մասին առաջին լուրերը, նա թուրքական պետության ներկայացուցչի երեսին է շպրտում Օսմանյան կայսրության կողմից իր ստացած բոլոր շքանշաններն ու ամբողջությամբ զինվորագրվում տարաբախտ հայրենիքին օգնելու սուրբ գործին: Այդ պահից ի վեր Քարտաշյանն այլևս նոր մարդ էր՝ հայրենատիրության մարտիկ և ազգի նվիրյալ:
1915թ. հայերը Միհրան Սվազլիի (Սվազլյան) գլխավորությամբ ստեղծում են Հայոց ազգային միությունը (Armenian National Union): Միությունը Նյու Յորքում հաստատում է Մամուլի հայկական գրասենյակ (Armenian Press Bureau), որի գործադիր տնօրենն ու թողարկվող հիմնական նյութերի հեղինակն է դառնում Վահան Քարտաշյանը: Նա նաև ամեն շաբաթ մեկնում էր Վաշինգտոն, ուր բազմաթիվ հանդիպումներ էր ունենում ազդեցիկ անձանց հետ: Երբ 1918թ. մայիսի 28-ին հայոց ընդարձակ հայրենիքի մի փոքր հատվածի վրա հռչակվում է հայոց նորանկախ պետականությունը, Քարտաշյանն իր ողջ ջանքերը նպատակաուղղում է ԱՄՆ կողմից հայոց պետության ճանաչմանը և իր բազմաչարչար երկրին ամերիկյան օգնության հատկացմանը: 
1918թ. դեկտեմբերին նա հիմնում է Հայաստանի անկախության ամերիկյան հանձնախումբը (American Committee for the Independence of Armenia – ACIA), որն ուներ 72 հոգիանոց ընդհանուր խորհուրդ և առաջնորդվում էր 9 հոգիանոց գործադիր մարմնի կողմից, որի ղեկավարն էր Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջերարդը (James Gerard): Ընդհանուր խորհրդի պատվո նախագահն էր ԱՄՆ Գերագույն դատարանի նախկին անդամ և ապագա պետքարտուղար Չարլզ Էվանս Հյուզը (Charles Evans Hughes): Սա մի աննախադեպ հզոր կազմակերպություն էր, որի բոլոր անդամները, բացի Քարտաշյանից, ամերիկացիներ էին: Կազմակերպությունն իր շարքերում ուներ նախկին և գործող օրենսդիրներ, նախարարներ, դեսպաններ, ռեկտորներ և 21 նահանգապետ: Կազմակերպությունը 13 նահանգում ուներ 23 մասնաճյուղ: 
Այդ ժամանակահատվածում Վահան Քարտաշյանի և նրա գործընկերների գործունեության ամենամեծ արդյունքը, անտարակույս, 1920թ. ապրիլի 23-ին ԱՄՆ կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումն էր (համեմատենք 2009թ. ապրիլի 23-ի հայտնի «իրադարձության» հետ): Սա առանձնապես հիշատակելի է, քանի որ ԱՄՆ-ը այդպես էլ երբեք չճանաչեց Վրաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների անկախությունը:
Շոշափելի արդյունք պետք է համարել նաև ամերիկյան տարբեր գործակալությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը 17 միլիոն 202 հազար դոլարի մարդասիրական օգնության հատկացմանն ու ավելի քան 11 միլիոն դոլար արտոնյալ վարկի տրամադրմանը էապես նպաստելը: 
1920-23թթ. հայոց նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերումների և ամենամեծ կորուստների տարիներն են:
Սրանք այն տարիներն էին, երբ մի կողմից՝ միջազգային հանրությունը Վիլսոնի իրավարար վճռով ճանաչեց ու ամրագրեց հայերի՝ իրենց բնօրրան-հայրենիքի հյուսիսարևելյան հատվածում պետություն ունենալու իրավունքը, մյուս կողմից՝ երկու անօրեն և միջազգային ճանաչում չունեցող վարչախմբերի (թուրքական և խորհրդային) գրկախառնումը խեղդեց հայոց անկախ պետականությունը:
Մի կողմից հնչում էին հայերին տված խոստումներին և իրավական պարտավորություններին հավատարիմ մնալու հավաստիացումները, մյուս կողմից տեղի էր ունենում դրանց սքողված և անսքող ուրացումը: Այդ ծանր քաղաքական զարգացումները վհատության շեմին էին հասցրել շատերին, շատերն էին հրաժարվել իրենց գաղափարներից, շատերն էին անցել հակառակ ճամբարը:
Եվ ահա, այս դժվարագույն պայմաններում Վահան Քարտաշյանի երկարամյա հայրենանվեր գործունեությունն արձանագրում է մեծագույն արդյունքը: Նրան հաջողվում է կանխել Լոզանում Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև 1923թ. օգոստոսի 6-ին կնքած երկկողմ պայմանագրի ընդունումն ԱՄՆ Սենատում:
Քայլ, որը վերահաստատելով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանին վերաբերող վճռի վավերականությունը, հետագա սերունդներին՝ այսինքն՝ մեզ, հնարավորություն է ընձեռել հայրենիքի համար մեր իրավունքների պայքարի զինանոցում ունենալ միջազգային իրավունքի վրա խարսխված անբեկանելի մի կռվան:
Ըստ ամերիկյան Սահմանադրության՝ ցանկացած պայմանագիր ուժի մեջ մտնելու համար պետք է արժանանա Սենատի հավանությանը: Երբ 1924թ. մայիսի 3-ին վերոհիշյալ թուրք-ամերիկյան պայմանագիրը մուտք է գործում Սենատ, Քարտաշյանը ձևավորում է «Ընդդեմ Լոզանի պայմանագրի ամերիկյան հանձնախումբը» (American Committee Opposed to the Lausanne Treaty – ACOLT), որի նպատակն էր Սենատում պայմանագրի ընդունումը կանխելով՝ գոնե իրավական դաշտում կենդանի պահել Հայաստանի Հանրապետության իրավունքները: Քանի որ Միացյալ Նահանգներում դեռ թարմ էին թուրքերի կողմից հայերի ջարդերի պատմությունների հիշողությունները, պայմանագրի քննարկումն ու քվեարկումը հետաձգվում է գրեթե երեք տարի: 
Այդ ժամանակահատվածում Քարտաշյանը գրեթե միայնակ, սեփական միջոցներով անում է անկարելին՝ հարյուրավոր նամակներով, գրություններով, ելույթներով, հրապարակումներով ամերիկյան քաղաքական շրջանակներում վառ է պահում հայոց իրավունքները: 
1926թ. հրատարակում է «Լոզանի պայմանագիրը, Թուրքիան և Հայաստանը» (The Lausanne Treaty, Turkey and Armenia) ժողովածուն: Այդ գրքում փայլուն կերպով ի մի են բերված բոլոր իրավական հիմնավորումները, քաղաքական պարտավորություններն ու բարոյական հանձնառություններն ընդդեմ Լոզանի թուրք-ամերիկյան պայմանագրի: Արդյունքը կատարյալ էր: 1927թ. հունվարի 18-ին Սենատը մերժում է հավանությունը տալ հիշյալ պայմանագրին: Ավելին, որպես մերժման հիմնական պատճառ նշվում է Թուրքիայի կողմից Վիլսոնի իրավարար վճռի չկատարումը:
Պայմանագիրը Սենատում ևս մի քանի տարի առկախ մնալուց հետո՝ 1934 թ. հունվարի 16-ին, ետ է ուղարկվում նախագահական: Վահան Քարտաշյանն իրականացրել էր իր կյանքի մեծագույն առաքելությունը՝ իր հայրենիքի համար ապահովել էր հայրենատիրության պայքարի իրավական խարիսխը: Նա այլևս կարող էր ավարտել երկրային ուղին:
Մի քանի ամիս հետո՝ 1934թ. հունիսի 11-ին, 51 տարեկանում դադարում է բաբախել մեծ հայրենասեր, գործընկերների բնութագրմամբ՝ «միայնակ խաչակիր» (lone crusader) Վահան Քարտաշյանի սիրտը: Մահանում է հայրենատիրության գաղափարի առաջամարտիկը, որի գործունեության արդյունքն անժամանցելի ու անգերազանցելի է, իսկ նվիրումը հայրենիքին՝ անմնացորդ: 
Իր քաղաքական գործունեության սկզբում լինելով ժամանակի ամենահարուստ հայերից մեկը՝ գրեթե երկու տասնամյակ տևած պայքարից հետո նա անգամ թաղման փող չուներ: Նյու Յորքի հայերի հանգանակած գումարով նրան համեստորեն հողին են հանձնում Լոնգ Այլընդի «Սիդը գրոուվ» գերեզմանատանը (Cedar Grove Cemetery, Long Island): Այսպես է ավարտվում մեր ժողովրդի նորագույն պատմության մեծագույն գործիչներից մեկի կյանքը: 


Հ.Գ. Անցյալ տարվա (2008թ.) մայիսին լինելով Նյու-Յորքում ուզում էի այցելել մեծ հայրենասեր Վահան Քարտաշյանի գերեզմանին, սակայն ապարդյուն: Պարզվեց, որ նրա գերեզմանն անգամ չի պահպանվել, քանի որ տասնամյակներ շարունակ այցելու չի ունեցել: Այսօրվա մեր համընդգրկուն և խորացող ճգնաժամն ունի բազմաթիվ մեծ ու փոքր պատճառներ: Վստահաբար, պատճառներից մեկը հայրենիքի նվիրյալների ուրացումն է ու կեղծ հերոսների կռապաշտությունը: Երևանի երկու մեծագույն փողոցներն անվանակոչել ենք ուրիշի բանակի մարշալի ու ծովակալի անուններով, կանգնեցրել ենք նրանց ամպագորգոռ արձանները և դեռ սպասում ենք, որ մատաղ սերունդը հավատարմորեն ծառայի մայր հայրենիքին ու չընտրի օտարին ծառայելու միջոցով սեփական հայրենիքում փառքի արժանանալու ճամփան: 



11 հունիսի, 2009թ.