Քաղաքական պիգմալիոնիզմ

Printer-friendly versionPrinter-friendly version



Նախաբան. Բժշկությունն այն քիչ ոլորտներից է, որը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ կենսակերպ: Այն ստիպում է առօրյա շատ հարցեր քննել ոչ միայն անձնական, այլև մասնագիտական պրիզմայով: Այն խմորումները, որոնք ներկայումս տեղի են ունենում մեր հասարակության ու պետության մեջ, ախտաբանական վիճակ կամ հիվանդություն են հիշեցնում, որից պետք է օր առաջ ձերբազատվել: Այստեղ փորձել եմ ներկայացնել այդ «հիվանդությունը», որն առաջարկում եմ պայմանականորեն անվանել «քաղաքական պիգմալիոնիզմ»:

Բնորոշումը. Քաղաքական պիգմալիոնիզմը քրոնիկական, տասնամյակներ տևող հիվանդություն է, որի ժամանակ ժողովրդի անջատված/պառակտված հատվածը և/կամ իշխող վերնախավն իրենց համար ստեղծում/հռչակում են նոր «հայրենիք/պետություն» ու փորձում համոզել սկզբում աշխարհին, իսկ հետո նաև իրենք իրենց, որ արդեն անկախ պետություն ունեն:*

Պատճառները ու զարգացման մեխանիզմները. Քաղաքական պիգմալիոնիզմը չունի ազգային պատկանելություն: Այս հիվանդությունը կարող է ախտահարել ցանկացած ժողովրդի և/կամ իշխող վերնախավի, որն իր գոյության որոշակի ժամանակահատվածում կորցրել է անկախությունը:
Հիմնական հրահրող պատճառը ժողովրդի գլխին կանգնած օտար իշխանության կողմից կամայական որոշումն է, որի հիման վրա այդ ժողովրդի մի առանձին հատված քաղաքականապես ու աշխարհագրորեն կտրվում է մայր հայրենիքից և ինքնավարություն ստանում օտար կազմավորման մեջ:
Զարգացման մեխանիզմները հիմնականում երկուսն են.
Ա. Ժողովրդի անջատված հատվածին համոզել, որ մայր հատվածն իրեն դավաճանել է և հակառակը:
Բ. Ժողովրդի անջատված հատվածին ներշնչել, որ առանց մայր հատվածի էլ կդիմակայի առկա մարտահրավերներին և հակառակը: Ավելին՝ համոզել, որ 2 բաժանված հատվածներով ավելի ուժեղ կլինեն (օրինակ՝ 2 ձայն ՄԱԿ-ում), քան միասին:

Ընթացքը և ախտանշանները.
Նախանշանների (գաղտնի) շրջանում աննկատ դրսևորումները աստիճանաբար վեր են ածվում արտահայտման (մանիֆեստային) շրջանի վառ ախտանիշների՝ ավելի ուշ՝ ելքային (տերմինալ) շրջանում, վերածվելով խոր պառակտողական ախտանիշների։ Ինչպես գաղտնի, այնպես էլ մանիֆեստային շրջանում հնարավոր են լուսավորման փուլեր, որոնք հիվանդության ճիշտ վարման դեպքում կարող են հանգեցնել լիակատար ապաքինման:
Տասնամյակներ տևող գաղտնի շրջանից հետո, չմերվելով օտար կազմավորման հետ, ժողովրդի անջատված հատվածի մոտ ի հայտ է գալիս լուսավորման փուլ, ցանկություն է առաջանում վերամիավորվել մայր ժողովրդին ու հայրենիքին:
Սակայն անավարտ վերամիավորման արդյունքում վրա է գալիս քաղաքական պիգմալիոնիզմի մանիֆեստային շրջանը՝ արտահայտված ենթաէթնիկ ախտանշաններով, որի ընթացքում անջատված ժողովրդի իշխող վերնախավն իր համար ստեղծում է թվացյալ նոր «հայրենիք», նոր «պետություն» ու փորձում համոզել սկզբում աշխարհին, իսկ հետո նաև սեփական ժողովրդին, որ արդեն անկախ պետություն ունեն: Այս շրջանում հիվանդության ախտորոշման և ճիշտ վարման շնորհիվ կրկին կարելի է հասնել լուսավորման փուլի, որը կավարտվի մայր ժողովրդի ու հայրենիքի հետ վերամիավորմամբ:
Սակայն մանիֆեստային շրջանում քաղաքական պիգմալիոնիզմը լինում է ավելի դժվար բուժելի, իսկ լուսավորման փուլն՝ ավելի կարճատև: Եվ ընդամենը մի քանի տարվա մեջ այն կարող է անցնել տերմինալ շրջանի, որի արդյունքում 1-2 տարում ժողովուրդը վերջնականապես կարող է պառակտվել՝ դրանից բխող բոլոր բացասական ու վտանգավոր հետևանքներով:

Բուժումը.
1. Ժողովրդի անջատված հատվածի իշխող վերնախավի գիտակցության բարձրացում. իշխող վերնախավը չպետք է սեփական կարճաժամկետ շահերը վեր դասի համաժողովորդական երկարաժամկետ շահերից:
2. Քարոզչական աշխատանք ժողովրդի անջատված և մայր հատվածների հետ «Միացում», «Մեկ ազգ, մեկ պետություն», «Մեր ուժը միասնականության մեջ է», «Միասին մենք ուժեղ ենք», «Գյուղ կանգնի, գերան կկոտրի» և այլ նմանատիպ կարգախոսներով:
3. Ինքնահռչակ անջատված պետության շուտափույթ վերամիավորում մայր պետությանը. ժողովրդի անջատված հատվածին քաղաքացիության շնորհում՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտականություններով:

Կանխարգելումը. Ունենալ անկախ ու ժողովրդավար պետականություն և հզոր բանակ:

Պրոգնոզ. Քաղաքական պիգմալիոնիզմը, ինչպես ցանկացած քրոնիկական հիվանդություն, որքան երկարատև է, այնքան՝ դժվար բուժելի, իսկ ելքային (տերմինալ) շրջանում՝ անբուժելի, որի արդյունքում ժողովուրդը պառակտվում է: Հատկապես բարենպաստ են լուսավորման փուլերը, որոնց ընթացքում հնարավոր է լիակատար ապաքինում առանց լուրջ կողմնակի երևույթների:


բ.գ.թ. Դավիթ Աբրահամյան
Ձեռքի և պլաստիկ վիրաբույժ

ք. Երևան
9 փետրվարի, 2015թ.


____________________________________
* Այստեղ առասպելական քանդակագործ Պիգմալիոնի (ով, ի դեպ, Կիպրոսի թագավորն էր) դերում հանդես է գալիս ժողովրդի անջատված/պառակտված հատվածը և/կամ իշխող վերնախավը, իսկ Գալաթեան՝ իրենց ստեղծած/հռչակած պետությունը:


Վերադառնալ Քաղաքական էպիկրիզ շարքին: