Հնձում ենք այն, ինչ ցանում ենք

Printer-friendly versionPrinter-friendly version


Մտերիմներիցս, ընկերներիցս գրում-հարցնում են. «Տեսնո՞ւմ ես՝ ինչ է կատարվում Հայաստանում...»

Հիմնականում լռում եմ, որովհետև ասելիքս մինչև այդ էի ասում։
Բայց այնուամենայնիվ, մի քանի բառ գրեմ:

Ինչի՞ եք զարմանում։ Դպրոցում ֆիզիկա անցել եք։ Չգիտե՞ք, որ կոնդենսատորի թիթեղները երկար լիցքավորելիս գալիս է մի պահ, երբ լարումը հասնում է այնպիսի մակարդակի, որ տեղի է ունենում էլեկտրական պարպում... տրամաբանական ու օրինաչափ երևույթ է...

Հնձում ենք այն, ինչ ցանում ենք։
Իսկ թե ինչ ենք ցանում՝ դարձել է ձայն բարբառոյ յանապատի՝ ասողին լսող չկա...
Երբ մի կողմից ցանում ես մաղձ, ատելություն, թշնամանք, նողկանք... ու չես տալիս ոչ մի լուսավորի օրինակ, չես աճեցնում ոչ մի մտավորականի կերպար, չես աճեցնում ոչ մի մշակույթի գործիչ, չես ստեղծում մասսայական բարու մթնոլորտ, բնական է՝ հասարակության լայն շերտերի փսիխոզ է սկսվում։
Իսկ մյուս կողմից հոգեբանական պաթոլոգիկ ռեակցիա է համապատասխան մարդկանց մոտ, ովքեր մյուս ծայրահեղության մեջ են, ու բացասման սկզբունքով, ամեն առկա խնդիր կամ չեն նկատում, կամ թողնում են հետոյի՝ համարելով ժամանակավրեպ, կամ ներկայումս երկրորդական։ ԱրդյունքըԵրկարատև բևեռացում և կոնդենսատորի թիթեղների միջև լարման կուտակում, մինչև կլինի պարպում... Իսկ հիմա մնում է վայելել այդ պարպումը, որքան էլ որ կատաստրոֆիկ կհնչի միտքս։

Բայց ցավով պիտի նշեմ, որ սա դեռ ծաղիկներն են՝ բոլոր այն ցանածների, ինչ այս քսան տարիներին աճեցվում էր՝ մեղմորեն, անվրդով...
Կույր պիտի լինել՝ չտեսնելու ու չհասկանալու, որ քաղաքական դաշտում պարպումը առաջին ծաղիկներն են, քանի որ դա ամենաթույլ համակարգն է, որն ի վիճակի չէ դիմանալ լարման ավելի բարձր արժեքների և առաջիններից է հասնում էլեկտրական պարպման շեմին... Իսկ հասարակության ավելի լայն շերտերի մոտ բևեռացումը դեռ շարունակվում է և դրանց պարպումն ավելի կատաստրոֆիկ հետևանքներ կունենա, եթե հիմիկվանից միջոցներ չձեռնարկվեն։
Եթե այսպես շարունակվի, մենք ականատես կլինենք սոցիալական բևեռացման արդյունքում հասարակական ուժեղ էլեկտրական պարպման, երբ ծայրահեղ աղքատների քանակական ցուցանիշը կդառնա բավարար հակակշիռ ծայրահեղ հարուստների կուտակած ֆինանսական ռեսուրսներին, ու որքան մոնոպոլիզացվի հարստության կուտակումն, այդքան ավելի արագ կհասնենք այդ շեմքին՝ էներգիայի պահպանման օրենքին համապատասխան (չնայած շատերը երևի այդ էներգիայի պահպանման օրենքն էլ չեն հիշում դպրոցից, էլ չասեմ Նյուտոնի երրորդ՝ ազդեցությունն հավասար է հակազդեցության մասին օրենքի մասին։): Շարժվելով իներցիայով՝ մոռանում ենք, որ մաթեմատիկական ճոճանակը ունի որոշակի տատանման մաքսիմալ հեռավորություն, որին հասնելուց հետո՝ ուզած-չուզած ետ է գալիս... և այսօրվա չշտկված սխալների համար վաղը ձեր սերունդները պիտի պատասխան տան... Ինչպես երեկվա շատ հարուստների ժառանգներ այսօր կարող են ծայրահեղ աղքատ լինել և հակառակը։ Կյանքն էլ մաթեմատիկական ճոճանակ է հիշեցնում, ընկերնե՛ր, չմոռանաք կյանքի պարբերականության, ցիկլայնության օրինաչափությունը... սինուսոիդալ օրինաչափությունը...

Բայց սոցիալական-ֆինանսական պարպումը չէ ամենասարսափելին, որ սպառնում է մեր իրականությանը։
Կա ավելի մեծ վտանգ, որն ազգային հողի վրա է լարվում, և վա՜յ էն օրը, երբ դա կհասնի լարման այդ շեմքին, որից հետո տեղի կունենա պարպումը...

Չգիտեմ՝ որքանով կարողացա հասկացնել ասելիքս... որովհետև այս ամենը հասկացողներն առանց այդ էլ հասկանում էին... ու արդեն քանի տարի տարբեր մեթոդներով դա էին բացատրում... իսկ չհասկացողները, ինչպես միշտ, այդպես էլ երևի սրանից հետո պիտի շարունակեն քթից առաջ չտեսնելու անհեռատես մոտեցումները (որոնք հաճախ ներկուսակցական շրջանակներից դուրս չեն գալիս),... և մի քանի տարի անց, երբ կկանգնեն փաստի առաջ, կհարցնեն՝ տեսնո՞ւմ ես՝ ինչ է կատարվում մեր երկրում...
Տեսնում եմ, բայց պետք է սովորել մի քանի քայլ առաջ տեսնել և պրիմիտիվ ֆիզիկական տեսակ չլինել, որ գնահատում է դիրքն ու շարժման տեսակը՝ ելնելով տվյալ պահին մաթեմատիկական կետի տարածական կոորդինատներից։ Դպրոցական տարիներին սովորած տարրական գիտելիքներն էլ թույլ պիտի տան մաթեմատիկական ֆունկցիա, հետագիծ, մեխանիկական շարժման պարզագույն օրինաչափությունների և այլ ավելի բարդ մեխանիզմների համադրմամբ ոչ միայն կանխատեսել գլխներիս գալիքը, այլ նաև կանխել անցանկալին։
Հուսամ՝ դեռ բացարձակ չի սպառվել մեր ազգային մտավորական էլիտան, և թեկուզև չունենք մտավորականություն, բայց գոնե առանձին անհատ մտավորականների գերլարման ճիգերով հնարավոր կլինի կանխել վաղվա արհավիրքները...

Աստված մեզ օգնական

Զաքար Խոջաբաղյան
Պլաստիկ վիրաբույժ
ք. Յարոսլավլ
14 փետրվարի, 2015թ.

Վերադառնալ Քաղաքական էպիկրիզ շարքին: