Վերապատվաստել, թե՞ չվերապատվաստել…

Printer-friendly versionPrinter-friendly version

Վերապատվաստել, թե՞ չվերապատվաստել…
(To Replant, or Not To Replant…)

Նախաբան. Հաճախ ենք լսում՝ «Արցախը Հայաստանի ողնաշարն է»: Ես որպես ձեռքի վիրաբույժ (միկրովիրաբույժ) ավելի շուտ կձևակերպեի այսպես. «Արցախը Հայաստանի Հանրապետության մի վերջույթն է, իսկ ինքը՝ ներկայիս Հայաստանի տարածքը հենց այն առանցքն է, գլուխ-ողնաշարն է, որի շուրջ պիտի վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը»: Հետևաբար, առանց Արցախի (նաև առանց Նախիջևանի, Ջավախքի ու արևմտյան Հայաստանի) այսօրվա Հայաստանի Հանրապետությունը նման է լիովին հաշմանդամ, անվերջույթ հիվանդի: Նախկին գրառմանս մեջ (տե՛ս Քաղաքական պիգմալիոնիզմ) մեր հասարակության/պետության այսօրվա իրավիճակը ներկայացրել էի որպես հոգեբանական խնդիր («քաղաքական պիգմալիոնիզմ»)՝ առաջարկելով պահպանողական (կոնսերվատիվ) բուժամիջոցներ: Այս գրառումս կլինի ավելի նեղ մասնագիտական՝ միկրովիրաբուժական, իսկ առաջարկվող միջոցները՝ ավելի արմատական (ռադիկալ)՝ վիրահատական:
Հիվանդի անձնագրային տվյալներ. Հայաստանի Հանրապետություն (ՀՀ)՝ վերածնված 21.09.1991թ.: 
Մշտական բնակության հասցե՝ Հայկական լեռնաշխարհ: Ժամանակավոր գրանցման վայր՝ Մաքսային միություն (02.01.2015թ.-ից): Քաղաքացիական կարգավիճակ՝ ՌԴ-ի ռազմավարական գործընկեր: Ռազմական կարգավիճակ՝ ՀԱՊԿ-ի անդամ: Միջազգային կարգավիճակ՝ ՄԱԿ-ի անդամ: 
Գանգատներ. Բոլոր վերջույթների վնասվածքային անդամահատում (ամպուտացիա), երկարատև արյունահոսող ու չլավացող վերքեր, հյուծվածություն: 
Կյանքի անամնեզ (Anamnesis vitae). Ծնվել է մի քանի հազար տարի առաջ: Բազմիցս տարել է կլինիկական մահ, կոմաներ: 1918թ. մայիսի 28-ին, մոտ 500-ամյա կոմայից հետո վերակենդանացել է, սակայն մի կողմից Օսմանյան և քեմալական Թուրքիայի, իսկ մյուս կողմից բոլշևիկյան Ռուսաստանի կողմից կատարված ծանր անդամահատումներից (արևմտյան Հայաստան, Նախիջևան, Ջավախք, Արցախ) և Ազգերի լիգայի ու ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անհաջող վերապատվաստման փորձերից հետո, 1920թ. դեկտեմբերի 2-ին ընկել է լեթարգիկ քնի մեջ՝ վերածվելով ՀԽՍՀ-ի: 70 տարվա քնից հետո, 1990թ. օգոստոսի 23-ին կրկին արթնացել ու հռչակվել է անկախ պետություն, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին սեփական ժողովրդի կողմից ստացել վերածննդյան վկայական:
Նախկինում տարել է պարտություններ, կոտորածներ, ցեղասպանություն, բայց նաև՝ բազում փառահեղ հաղթանակներ: Ավելի քան 1700 տարի առաջ ստացել է պատվաստում՝ ընդունել է քրիստոնեություն:
Ժառանգականությունը ծանրաբեռնված չէ, չնայած քիչ չեն օտարածին միջամտության փորձերը:
Հիվանդության անամնեզ (Anamnesis morbi). Ներկայումս դիմել է միկրովիրաբուժության բաժանմունք մի վերջույթի՝ Արցախի անդամահատման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մոտ 70 տարի առաջ՝ վերոնշյալ լեթարգիկ քնի ժամանակ: Մնացած վերքերն առայժմ ժամանակավորապես փակ են, չնայած շատ ցավոտ են և զգայուն: 
Ախտահարման օջախ (Locus morbi). Վերջույթը (Արցախը), չնայած ՀՀ-ից երկարատև զարկերակային սնուցում չստանալու հանգամանքին, դեռևս գտնվում է բավարար կենսունակ վիճակում՝ ներսում գտնվող և ՀՀ տարածքից մեկնած բազմաթիվ արյան բջիջների (ազատամարտիկներ, զինվորներ) և նեղ մաշկալաթի (Լաչինի միջանցք) շնորհիվ: 
Ախտանուն (Diagnosis). Վերջույթի սուբտոտալ անդամահատում: Հետցեղասպանական վիճակ: 
Բուժում. Հաշվի առնելով վերջույթի (Արցախի) բավարար կենսունակ վիճակը և ՀՀ-ի համար սուր արյունահոսության վտանգը՝ անհրաժեշտ է Արցախի ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱՊԱՏՎԱՍՏՈՒՄ (ռեպլանտացիա), ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արցախի կյանքի ցուցումներով՝ առնվազն 2 պատճառով. 
ա. Քանի դեռ չի պարտադրվել կարելով փակել անդամահատված վերքը՝ ձևավորելով ծայրատ: 
բ. Քանի դեռ վերջույթի բջիջները այնքան չեն օտարացել, որ վերապատվաստելուց հետո հակազդեցության մեջ մտնեն մայր օրգանիզմի՝ ՀՀ-ի հետ:
Խորհուրդներ. Վերքերը պահել փակ մինչև դրանց լիակատար լավացումը: Ակտիվ վերականգնողական բուժում՝ վերջույթն ու օրգանիզմն ավելի ամրապնդելու համար: 
Ձեռքի և պլաստիկ վիրաբույժ
ք. Երևան
2 մարտի, 2015թ.

Վերադառնալ Քաղաքական էպիկրիզ շարքին: