Հասարակության «ուռուցքային բջիջը»

Printer-friendly versionPrinter-friendly version
Այսօր շատերից կարելի է լսել այսպիսի բովանդակություն ունեցող արտահայտություններ«ի՞նչ գործ ունի՝ խառնվի ուրիշի կյանքին...»:
Բանն այն է, որ նման արտահայտություն անողները մեծամասամբ չեն էլ փորձել հասկանալ այդ արտահայտության բուն էությունը, այլ ընդամենը կրկնում են թևավոր դարձված խոսքեր, ինչպիսիք են, օրինակ, «եղունգ ունես՝ գլուխդ քորի...»:
Դրա պարզ վկայությունն է, որ նույն մարդը հաջողությամբ կարող է նաև կողմ արտահայտվել հետևյալ արտահայտության օգտին. «մեկը հանուն ամենքի և ամենքն էլ հանուն մեկի...»: Փորձենք, մի փոքր այլ տեսանկյունից մոտենալ խնդրո առարկային:
Բարդ բազմաբջիջ օրգանիզմներում, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ նշանակության բջջային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իրեն բնորոշ ֆունկցիա, կա մի ընդհանրություն. գենային ընդհանրությունն էՕրինակ, մարդն ունի մկանային բջիջներ, երիկամային, նյարդային, մաշկային, ճարպային և այլն...
Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իրեն բնորոշ ֆունկցիա: Օրինակ, մկանային բջիջը կծկվում է, ապահովելով շարժումներ, նյարդայինն ապահովում է զգացողություն կամ մկանային բջիջներին
դրդում
է շարժման, մաշկայինը կատարում է պաշտպանիչ ֆունցկիա և այլն...
Բայց դրանցից յուրաքանչյուրը, պատկանելով միևնույն օրգանիզմին, ունի ընդհանրական գեներ, ընդհանրական ԴՆԹ՝ հատուկ միմիայն այդ օրգանիզմին:
Հենց այդ է պատճառը, որ այդ բջիջներից յուրաքանչյուրի մոտ ի հայտ եկած ախտաբանական պրոցեսը սպառնում է ոչ միայն հարակից բջիջներին և օրգան համակարգերին, այլև ամբողջ օրգանիզմին, և կարող է հարցականի տակ դնել ամբողջ օրգանիզմի գոյությունը: Թերևս հենց այդ է պատճառը, որ եթե խնդիրը տեղում տեղային և արագ լուծում չի ստանում, ապա դրա լուծմանը խառնվում է օրգանիզմը: Կա նաև, օրինաչափ տրամաբանությամբ, հակառակ պատկերը. օրգանիզմի համընդհանուր խնդիրը յուաքանչյուր բջջի խնդիրն է, քանի որ օրգանիզմի գոյությամբ է պայմանավորված առանձին-առանձին բջիջների գոյություն ունենալու հնարավորությունը օրգանիզմի շրջանակներում: Այսպիսով, առկա մեկ բջջի խնդիրը դառնում է ողջ օրգանիզմի խնդիր, և ողջ օրգանիզմի խնդիրը՝ յուրաքանչյուր բջջի խնդիր:
Քննարկենք այս մոդելը հասարակության օրինակով:
Ընդհանրական գենոֆոնդ ունեցող հասարակության պարագայում նույնպես առկա է այդ պատկերը: Եւ օրինաչափ է ու տրամաբանական նման վարքագիծը: Հարևանի կամ մտերիմի, թեկուզ անծանոթի խնդիրներով հետաքրքրվելը, դրանց լուծման համար օգնություն առաջարկելը, արատավոր երևույթների նկատմամբ կոշտ կարծիքի արտահայտումը և անգամ միջոցների ձեռնարկումը դրանց չեզոքացման համար, խոսում է հանրության առողջ լինելու մասին, և հակառակը, գենետիկ ընդհանրություն ունեցող հասարակության պայմաններում միմյանցով հետաքրքրվածության բացակայությունը խոսում է հիվանդ հասարակության մասին:
Այնպիսի հասարակություններում, որտեղ չի աշխատում ընդհանրական գենետիկ գիտակցական կամ ենթագիտակցական կապը, տրամաբանական է նաև «եղունգ ունես՝ գլուխդ քորի» վարքագիծը և «քիթն ուրիշի կյանք չխոթելու» վարքագիծը, քանի որ այստեղ իսկապես գործ են ունենում ՈՒՐԻՇԻ հետ, քանի որ չկան ընդհանրական գենետիկ, ենթագիտակցական կապվածությունը և մեկ օրգանիզմ, ամբողջություն լինելու զգացողությունը:
Հաշվի առնելով, որ Հայերը մի քանի հազարամյակ է արդեն ընդհանուր գենետիկ ամբողջականություն ունեն և որպես ազգ ունեն ընդհանրական ազգային գիտակցություն և ենթագիտակցություն՝ օրինաչափ է հայերի նման վարքագիծը, որը ներկայումս որոշ անձանց կամ կազմակերպությունների կողմից այդպես ակտիվորեն քարկոծվում է, և էլ ավելի վտանգավոր է, որ ոմանք սկսել են առանց գիտակցելու պարզապես կրկնել՝ իրենց գիտակցությունից անկախ, անընդհատ կրկնվող հաղորդումների, անեկդոտների, թևավոր խոսքերի միջոցով իրենց ուղեղ մտցվող այնպիսի արտահայտություններ, որոնք, փաստորեն, այս նյութը գրելուս հիմնական պատճառներից մեկը հանդիսացան:
Հարգելիներս, մենք չենք ապրում Ամերիկայում կամ այլ նման երկրում, որտեղ չկա ազգային մեծամասնություն, և որտեղ ամենքն իսկապես իրենց համար են ապրում և չունեն ենթագիտակցական ամբողջի զգացողությունը:
Մենք ապրում ենք Հայաստանում. Հայ ազգի պատմական Հայրենիքի մի կտորում, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել է Հայ ազգը, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել են մեր ազգի գենետիկ, գիտակցական և ենթագիտակցական մակարդակներում ամբողջ լինելու զգացողությունը: Պետք չէ օտար օրինաչափությունների զոհ գնալ և չգիտակցված կրկնել ոմանց կողմից միտումնավոր շրջանառության մեջ դրվող արտահայտություններ:
Եկեք վերջապես ընդունենք, որ ուռուցքային բջիջը, որն իր տեսակով կատարյալ բջիջ է հիշեցնում, քանի որ, ըստ էության, անմահ է, անզուսպ բազմացման հակում ունի և նյութափոխանակության տեսանկյունից ավելի ակտիվ է (տիպիկ կապիտալիստական քաղաքականություն է վարում), միևնույն ժամանակ քիչ տարբերակված է (ընդ որում որքան քիչ է նրա տարբերակումը, այսինքն որոշակիացումը՝ այս կամ այն տիպին պատկանելու, այնքան ավելի ագրեսիվ է նա իր էությամբ), այնուամենայնիվ այն իր անզուսպ աճով և թվացյալ անմահությամբ հասնում է օրգանիզմի ամբողջական գրավմանը և պատճառ է հանդիսանում ամբողջ օրգանիզմի ոչնչացմանը՝ այդպիսով վերջ դնելով իր իսկ
գոյությանը:
Եկեք վերջապես հասկանանք, որ հասարակության մեջ ուռուցքային տարրերը, որոնք չեն ուզում ըդունել ազգ, ազգային ամբողջական գիտակցություն, ազգային շահ և առաջնորդվում են անձնական շահով, անձնական էգոիզմով և անգամ ագրեսիվություն են ցուցաբերում պարտադրել իրենց տեսակետները հանրային մեծամասնությանը, օրինաչափ կերպով ստանում են տրամաբանական պատասխան հասարակության կողմից: Օրգանիզմում գոյություն ունեն ընդունված հաստատուններ, որոնց մի փոքր անգամ շեղումը պատճառ է դառնում ամբողջ օրգանիզմի մահվան: Դրանցից
են,
օրինակ, թթվահիմնային հավասարակշռությունը, շրջանառող արյան ծավալի որոշակի պարտադիր քանակը և այլն, և այդ հավասարակշռությունից ցանկացած շեղում ամբողջ օրգանիզմի կողմից ակտիվ կերպով բերվում է իր բնականոն դիրքի՝ հավասարակշռության, ներդաշնակության, որն ուղղակի անհրաժեշտ պայման է օրգանիզմի լինելիության
համար
:
Հայկական իրականության մեջ բավականին բարձր է արտահայտված ընդհանրական օրգանիզմի զգացողությունը, և դա հատկապես արտահայտված է ենթագիտակցական մակարդակով: Եւ քննադատելու փոխարեն ուրախությամբ պետք է ընդունենք, որ մեզ մոտ վառ է արտահայտված ազգային այդ հատկությունը, ամբողջական հավասարակշռություն պահպանելը: Վերջիվերջո քեզ զգում ես մի ամբողջական համակարգի մասնիկ, որը որքան էլ թվացյալ փոքր է, միևնույն ժամանակ անասելի կարևոր դեր ունի ամբողջական օրգանիզմի հավասարակշռության, ներդաշնակության և գոյության պահպանման գործում:

Զաքար Խոջաբաղյան
Պլաստիկ վիրաբույժ
ք. Երևան
4 դեկտեմբերի, 2013թ.

Վերադառնալ Քաղաքական էպիկրիզ շարքին: