Հայոց հարցը Քո՛ հարցն է

Printer-friendly versionPrinter-friendly version
Հաճախ եմ տեսնում ու լսում՝ «երկիրը երկիր չի», «մենք պիտի այսպես չդիմավորեինք 100-ամյակը», «100-ամյակը մեր ամոթն է», «մենք ո՞վ ենք, որ Թուրքիայի նման հզոր պետությունից բան պահանջենք», «70մլնանոց երկրի հետ ճոռո ճոռո խոսալն ու թշնամանալը զոհի հիշատակ հարգել չի», «տնտեսապես ու ռազմականապես հզորացեք, հետո գնացեք հողերը հետ վերցրեք», «Վիլսո՞ն, չէ մի չէ Սևր», «Ղարաբաղը հորով-մորով արինք, հիմա էլ՝ Արևմտյան Հայաստան» և նման այլ հայտարարություններ ու գոչեր:
Այս ամենն ասելուց առաջ գիտակցո՞ւմ ենք, թե ինչու ենք հայտնվել նման օրհասական իրավիճակում: Ինչի՞ և ո՞ւմ հաշվին է թուրքն այդքան հարստացել ու հզորացել: Հասկանո՞ւմ ենք, որ այս ամենը չէր լինի կամ այսքան վատ չէր լինի, եթե չկոտորեին ու արմատախիլ չանեին մի ամբողջ ժողովուրդ, եթե մոտ 100 տարի բռնազավթված չլիներ մեր պետության առնվազն 80 տոկոսը…

Կարո՞ղ է լինել ապահով ու բարեկեցիկ կյանք առանց կենսախինդ Ժողովրդի, ինքնիշխան Պետության ու ընդարձակ Հայրենիքի:

Իսկ մենք՝ այս քարի (այո՝ քարի, ոչ թե հողի) կտորի վրա ծվարած, առանց դեպի ծով ազատ ելքի, Ցեղասպանության դարավոր կսկիծը մեր սրտերում ուզում ենք լավ ապրել կամ առնվազն մեզ հույս ենք տալիս, որ լավ է լինելու…
Անընդհատ Իսրայելին ենք օրինակ բերում: Ի՞նչ կլիներ Իսրայելի վիճակը, եթե Գերմանիան և այլ երկրներ ֆինանսական գրեթե անսպառ միջոցներ չտրամադրեին: Հոլոքոսթից հետո հրեան ոչ միայն կարողացավ հառնել մոխրից, այլև ստեղծեց տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը... Անընդհատ նեղած է պահում հարևաններին ու իր մի թիզ հողի համար պատրաստ է հոշոտել բոլորին: Ո՞ւմ և ինչի՞ հաշվին... Հենց այդ միջոցների ու հատուցումների, այնպես չէ՞…

Դե ուրեմն եկեք պայքարենք մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային իրավունքով (տո թեկուզ պապենական իրավունքով) մեզ պատկանող տարածքների ազատագրման ու վերադարձման համար: Պայքարենք մեր նյութական կորուստների փոխհատուցման համար:

Երբ դանակահարված ու մորթված հարազատն արյուն ու վերջույթ է կորցնում, նրան ոչ թե մեղադրում են, թե ինչու իրեն մորթեցին, ինչու է այդքան արյուն կորցրել, ինչու է հիմա այդքան տկար, կամ չեն լքում նրան, թողնելով անօգնական, այլ արյուն են փոխներարկում, անդամահատված վերջույթը՝ վերապատվաստում: Մորթողին էլ բռնում-դատում են և ստիպում հատուցել մորթվողի վնասը, ոչ թե հորդորում կամ ստիպում են, որպեսզի ճանաչի, որ մորթել է:

Հիմա, հային թուրքը դանակահարել-մորթել է, անդամալույծ և տնազուրկ է սարքել: Ի՞նչ պիտի անի հայը… Պիտի հաշտվի՞, պիտի ասի՝ անցած լինի՞… Պիտի ամեն անգամ հուզվի ու հրճվի՞, երբ ինչ-որ մեկը հայտարարի և ընդունի, որ իրեն կոտորել ու բռնաբարել են… Հերիք չէ՞…
Բավակա՜ն է, որքան ճանաչեցին: Ասեմ ավելին՝ Թուրքիայի կողմից ճանաչումն ինձ ընդհանրապես չի հուզում, եթե ավելի կոպիտ չասեմ…
Եթե ուզում ենք լավ ու արժանավայել ապրել, ապա կամա թե ակամա հանգում ենք փոխհատուցման ու Ցեղասպանության հետևանքների վերացման գաղափարին:
Քանի դեռ Ցեղասպանության հետևանքները չեն վերացվել, քանի դեռ նյութական փոխհատուցում չենք ստացել և, թերևս ամենակարևորը, քանի դեռ մեր պետության առնվազն 80%-ը բռնազավթված է, Եղեռնը շարունակվելու է...

Կարճ ասած. Հա՞յ ես կամ հայաստանցի՞… ուրեմն Հայոց հարցը ՔՈ՛ հարցն է:
Կարծում ես՝ Հայոց հարցը քեզ չի վերաբերում, գոնե մի՛ խանգարիր:


բ.գ.թ. Դավիթ Աբրահամյան
Ձեռքի և պլաստիկ վիրաբույժ
Երևան, 18 ապրիլի, 2015թ.

Վերադառնալ Քաղաքական էպիկրիզ շարքին: