Ուժեղ սերունդ տալ և բազմանալ է պետք

Printer-friendly versionPrinter-friendly version
Այսօր շատ-շատերը երազում են երկար կյանք, անմահություն, հավերժություն... Շարունակականությունն ու հավերժական կատարելագործումը մարդու սերունդների մեջ է տեղի ունենում: Մարդու ամենաուժեղ բնազդը՝ ոչ պայմանական ռեֆլեքսը, բազմացման ռեֆլեքսն է, ինքն իր նմանին ստեղծելու, ինքնավերարտադրվելու, բազմանալու ֆունկցիան է (որի վրա ի դեպ խաղում են, ցավոք, այդ ֆունկցիայի բուն նպատակը խեղելով ու մանկածնության դեմ պայքարելով): Ու ամենից աբսուրդն այստեղ այն է, որ հավերժականության ու անմահության, շարունակականության ձգտող մարդն այսօր խուսափում է իր նմանից, ինքն իրենից շատ ստեղծելուց՝ շատ երեխաներ ունենալուց: Մենք հաճախ մոռանում ենք անգամ, որ ամենամեծ ժառանգությունը, որ պիտի թողնենք մեր սերունդներին, ոչ թե տունն է կամ հարստությունը, այլ եղբայրներն ու քույրերը՝ իրենց նմաններին, արյունակից, իրենց տեսակից, որոնց ամբողջության մեջ են իրենք անպարտելի:
Հսկայական համակարգեր են աշխատում այսօր, խաղալով մարդու ամենաուժեղ բնազդի վրա՝ դա օգտագործելով հասարակության փչացման ու այլասերման համար: Դրա վառ վկայությունն է նաև «սեռական դաստիարակություն» եզրույթը, որն ինքնին արդեն սխալ տերմին է, քանի որ դրա առողջ ընկալման դեպքում դա պետք է լինի «վերարտադրողական առողջության մասին կրթություն» եզրույթի տեսքով, որն իրենից ենթադրում է առողջ սերունդ ունենալու, ֆիզիկական առողջության մասին կրթություն, ոչ թե տարբեր տեսակի արատավոր երևույթների քարոզչություն, ինչը սովորաբար արվում է հենց «սեռական դաստիարակություն» եզրույթի ներքո:
Ամեն դեպքում, հուսամ, որ կգա պահը, և հասարակությունը վերջապես կսթափվի, կհասկանա, որ սոցիալական լավ պայմաններ ժառանգելով իր սերունդին, նյութական հարստություն ժառանգելով՝ հաճախ վնասում ենք մեր սերունդին, նրան դարձնելով ձրիակեր, չաշխատող ու դեգրադացվող: Ստեղծում ենք բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի բոլոր տաղանդներն ու հնարավորությունները, որոնք մեր սերունդը, մեր երեխաները ժառանգում են մեզանից, մեռնեն, քանի որ ամեն ինչով ապահովված երեխան խնդիր չունի լուծելու և հետևաբար կարիք ու նպատակ չունի կատարելագործման: Ցավոք, այսօր շատերից ենք լսում՝ պայմաններ չկան շատ երեխա ունենալու և այլն…
Իմ 4-րդ եղբայրը ծնվել է 1993 թվականին, ինձանից 8 տարով է փոքր, միջնեկ եղբորիցս՝ 5: Այդ տարիներին Գորիսը ռմբակոծվում էր, փող չկար, լույս չկար, գործ չկար, վառելիք չկար, ոչինչ չկար, և եթե իմ ծնողներն էլ առաջնորդվեին այսօրվա հիմար, բայց գերակշռող այդ կարծրատիպով, այսօր մենք մի զինվոր պակաս կունենայինք մեր սահմանին: Եղբայրս, որ ապագա ճարտարապետ է, հիմա Հայոց սահմանն է պահում: Ու պատվով է կատարում իր պարտքը և հպարտ է Հայոց բանակում ծառայելու համար...
Ժամանա՛կն է, ժամանա՛կն է սթափվելու: Մենք պետք է հասկանանք, որ լուրջ պատերազմի մեջ ենք: Շատ ավելի լուրջ, քան Արցախյան պատերազմն էր... Ավելի լուրջ, քան անգամ 1915 թվականի ցեղասպանությունն էր: Տարօրինակ թող չթվա ասածս. եթե Արցախում և կամ 1915 թվականին թշնամին զենքը դեմ էր տալիս ճակատիդ, և դու հստակ գիտեիր, որ նա թշնամի է և պատրաստվում է քեզ ոչնչացնել ֆիզիկապես, և հնարավորության դեպքում, դու կարող էիր պաշտպանվել, ապա այսօրվա պատերազմը վտանգավոր է նրանով, որ դրված չէ քեզ ֆիզիկապես ոչնչացնելու հարցը: Պատերազմի այս տեսակը ենթադրում է քեզ որպես տեսակ ոչնչացնելը, ոչնչացնել ոչ թե ֆիզիկապես, այլ քեզ ձևախեղել այնպես, որ դու ոչ միայն վտանգ չներկայացնես իր համար, այլև ծառայես իր շահերին՝ դառնալով իրենցից մեկը՝ իրենց ստրուկը: Ստրուկ, որ անգամ չի գիտակցում իր կարգավիճակը, և իրեն թվում է, թե ինքն իր ազատ կամքով է ընտրել այդ կարգավիճակը և դա՝ այդ ստրկությունը, որքան էլ որ աբսուրդ է, կոչում է «ազատություն»:

Ուռուցքային բջիջները մեր ձևախեղված բջիջներն են, և ինչքան քիչ են տարբերակված դրանք որևէ տեսակի, այդքան ավելի չարորակ է ուռուցքը: Ցավն այն է, որ տվյալ պարագայում ևս օրգանիզմը չի պայքարում, որովհետև պայքարելու համար, անհրաժեշտ է, որպեսզի իմունիտետի բջիջները ճանաչեն.
  1. ձևախեղված բջիջները և
  2. օտար՝ օրգանիզմի հետ կապ չունեցող բջիջները:

Խնդիրն այն է, որ գենետիկորեն կորիզից՝ ներսից խեղված ուռուցքային բջիջը արտաքին թաղանթում պահում է օրգանիզմի գենոֆոնդը, արդյունքում օրգանիզմի իմունիտետն իրականացնող բջիջների կողմից այն ճանաչվում է խեղված, բայց այդ բջիջը ոչնչացնելու համար չի լինում երկրորդ պայմանը, այսինքն՝ օրգանիզմն այն ընկալում է որպես սեփական բջիջ և դրանով վերջանում է հարցը: Արդյունքում, ուռուցքը, ոչնչացնելով օրգանիզմը, ոչնչանում է նաև ինքը: Այլ հոդվածի մեջ անդրադարձել եմ այս երևույթին:
Փաստացի, ստացվում է, որ օրգանիզմը՝ տվալ դեպքում մենք, չհասկանալով վտանգը, չենք պայքարում մեզ ոչնչացնել սպառնացող երևույթի ու ազդակների դեմ, իսկ երբ չկա պաշտպանություն, օրգանիզմը խոցելի է: Ցավոք, մենք այսօր չենք գիտակցում, որ լուրջ պատերազմի մեջ ենք: Կրկնում եմ, շատ ավելի լուրջ ու վտանգավոր, քան Արցախյան պատերազմն էր անգամ:
Արցախում մենք հստակ գիտեինք մեր ճակատին զենք պահողին, և ձեռներիս տակ եղածով պաշտպանվում էինք: Իսկ հիմա չենք պաշտպանվում և խոցելի ենք, որովհետև հակառակորդը հարձակվել է մեզ վրա՝ մեր կերպարով և չի ներկայանում որպես թշնամի, այլ ներկայանում է որպես փրկիչ և այլն: Սա տեսակի պատերազմ է: Սա դուրս է անգամ ձեր պատկերացրած քաղաքականությունից և դուրս է անգամ պետությունից: Մենք ընկել ենք ինչ-որ մանր կենցաղային խնդիրների ետևից և, ցավոք սրտի, ամեն օր պարտվում ենք այդ պատերազմի մեջ, ամեն պահի տանուլ ենք տալիս մի որևէ ճակատամարտ՝ տեսակի պահպանման, քաղաքակրթությունների պատերազմում: Առանձին անհատների ուսերին է մնացել այդ պատերազմը: Եթե չսթափվենք, եթե չկառչենք մեր արժեքներին, եթե չսնվենք մեր արմատներից, վաղը ուշ կլինի, չենք լինի արդեն որպես տեսակ: Ժամանակին ԽՍՀՄ հատուկ ծառայություններում աշխատած մի բարձրաստիճան պաշտոնյա մի առիթով ասել է. «Երկար տարիներ ես պայքարել եմ նացիոնալիզմի դեմ, իսկ հիմա ձեզ ասում եմ, որ եթե ուզում եք գոյություն ունենալ, եթե ուզում եք հաղթել, ոչ թե նացիոնալիստ, այլ սուպերնացիոնալիստ պետք է լինել...»: Կրկնում եմ, սա մի մարդու խոսքեր են, ով երկար տարիներ պայքար է մղել նացիոնալիզմի դեմ...
Գալով սկզբին՝ ամփոփենք...
Սիրելինե՜րս, մենք պատերազմի մեջ ենք: Լո՜ւրջ, իսկապես լուրջ ու շատ վտանգավոր պատերազմի մեջ: Մեր տեսա՛կն է վտանգված: Մենք խնդիր ունենք լուծելու: Ամեն հայ, ամեն մարդ պիտի հասկանա, որ ինքն ուժեղ է, հավետ է ու հավերժական է նախևառաջ իր ժառանգության մեջ՝ իր ժառանգների, իր ստեղծածի մեջ:
Սերունդ տալ: Առողջ սերունդ տալ: Ուժեղ սերունդ տալ և բազմանալ է պետք:
Ամուր ընտանիքներ կազմել և շատ երեխաներ ունենալ, այդ երեխաներին հայկական ազգային ոգով մեծացնել է պետք: Մարդկային բարձր արժեքներով կրթել է պետք:
Աստված ասաց. «Սիրեցէ՛ք զմիմեանս, սիրեցէ՛ք ձեր ծնողներին»: Աստված ասում է. «Բազմացեք և լցրեք աշխարհը»:
Այսօր մեզ ասում են՝ իբր հայի գենը ծերացել է, իբր ժամանակի մեջ չխառնվելով թուլացել ենք ու ծերացել, և պետք է խառնվի մեր գենը, որ նորից ուժեղանանք...
Կատարյալ ապուշություն է սա: Բնության մեջ հաղթում է ուժեղ տեսակը, սա բնության օրենքն է: Իսկ այն տեսակը, որը փորձություններ հաղթահարելով ողջ է մնում, էլ ավելի ուժեղ ու կատարյալ է դառնում: Մենք, որպես ազգ, մեր արժեհամակարգի, մեր մշակույթի, մեր աշխարհընկալման մեջ միշտ ձգտել ենք կատարելագործվել, մոտենալ Աստծուն. մեր պարերը վկա, որոնք ուղղաձիգ առանցքով են և դեպի վեր ու աջ են շարժվում՝ դեպի կատարյալն ու լավը: Հազարամյակների փորձությունների միջով անցնելով՝ մենք ոչ թե ծերացել ենք, այլ վերահաստատել ենք մեր գեների ուժեղ ու կենսունակ լինելը, դրա համար են շատերը, շատ այլ ազգեր միշտ ձգտել երեխաներ ունենալ հայերից: Ցավոք, այսօր ոմանք կուլ են տվել այդ խայծերը, որոնք ի թիվս այլ կեղծ գաղափարախոսությունների քարոզվում են հասարակության մեջ:
Մենք պետք է հասկանանք, որ սա էլ պատերազմի մի ճակատն է, որը նույնպես տանում է տեսակի ձուլման ու ոչնչացման: Հայը, հայի գենն ուժեղ է և կենսունակ, մենք դա վերահաստատեցինք 1915 թվականի ցեղասպանությունից հետո, երբ հառանք մոխրից փյունիկի պես, մենք դա ամեն օր ենք վերահաստատում մեր պայքարում... Հանուն բարու, հանուն արդարի, հանուն Հայի հավիտենականության մղվող մեր պայքարում:
Աստված մեզ հետ է, և այդ մե՛նք պետք է Աստծո հետ լինենք, որ իր աջը միշտ մեր գլխին է պահում...
...և ուրեմն Կեցցե՛ Հայը, Կեցցե՛ Հայաստանը...
...Երեխան վերածնունդն ու շարունակությունն է իր ծնողների և իրենց ցեղի անմահության արտահայտությունը...


Զաքար Խոջաբաղյան
Պլաստիկ վիրաբույժ
ք. Երևան
1 սեպտեմբերի, 2013թ.

Վերադառնալ Քաղաքական էպիկրիզ շարքին: