ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետությանը վերապահված տարածքի մի մասի վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման վերաբերյալ

Printer-friendly versionPrinter-friendly version
նախագիծ 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետությանը
վերապահված տարածքի մի մասի վրա Հայաստանի Հանրապետության
ինքնիշխանության վերականգնման վերաբերյալ 


  1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից ստորագրված Մոսկվայի հռչակագրի (02.11.2008թ.) այն հիմնադրույթով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը դիտարկվում է «միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»,
  2. համոզված լինելով, որ միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքի վրա ՀՀ ոտնահարված ինքնիշխանության վերականգնումն է միայն հայոց պետականության հարատևման և հայ ժողովրդի գոյատևման երաշխիքը,
  3. վստահ լինելով, որ քաղաքացիների անվտանգության ապահովումը, երկրի տնտեսական զարգացման ու բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը հնարավոր է միայն որոշակի կենսապայմանների առկայության դեպքում,
  4. նպատակ ունենալով ողջ տարածաշրջանում հաստատել հարատև ու կայուն խաղաղություն, որը կարող է խարսխված լինել միայն արդարության և Հայաստանի Հանրապետության հանդեպ միջազգային կազմակերպությունների ու առանձին պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների լիակատար իրականացման վրա,
  5. ի մտի ունենալով, որ որևէ սահման անվավեր և անօրինական է, եթե այն կայացել կամ ամրագրվել է անվավեր և անօրինական պայմանագրի կամ նման այլ փաստաթղթի հիման վրա և, ըստ այդմ, նրա վրա չեն կարող տարածվել միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում նաև, այսպես կոչված, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը,
  6. հավաստելով, որ «ազգերի միջև իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը» որպես նպատակ ներառված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ (հոդված 1, § 2),
  7. վկայակոչելով, որ ըստ ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող միջազգային իրավունքի սկզբունքների, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին հռչակագրի (17.10.1970թ.) «Յուրաքանչյուր պետություն պարտավորված է միասնական և անհատական գործունեությամբ աջակցել իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի իրականացմանը»,
  8. առանձնանշելով, որ Ադրբեջանական Հանրապետությունը հայոց պետության դեմ իրականացնելով լիակատար շրջափակում, և ի հետևանք Հայկական ՍՍՀ և հետագայում Հայաստանի Հանրապետության դեմ իրականացրած չհրահրված և չարանենգ նախահարձակումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի զավթման պատճառով (Արծվաշեն բնակավայրը), այսինքն «պետության տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից» ձեռնպահ մնալու սկզբունքի ոտնահարումը ի չիք է դարձրել վերոհիշյալ սկզբունքի իրավունքը Ադրբեջանական Հանրապետության համար,
  9. նշելով, որ Արցախը (Դաշտային և Լեռնային Ղարաբաղը) և Նախիջևանը Ադրբեջանական ՍՍՀ ենթակայության ներքո են հայտնվել միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության կոպիտ խախտումներով, համապատասխանաբար Ռուսաստանի կոմունիստական (բանվորական) կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի 05.07.1921թ. որոշմամբ և Մոսկվայի (16.03.1921թ.) ու դրանից ածանցվող Կարսի (13.10.1921թ.) անվավեր ու անօրինական պայմանագրերի 3-րդ և 5-րդ հոդվածների հիման վրա,
  10. վկայաբերելով Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 53-րդ հոդվածը, որով պայմանագիրն անվավեր է համարվում, եթե կնքման պահին հակասել է միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքի՝ jus cogens-ի,
  11. ճանաչելով վերոհիշյալ Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի անվավերությունը ստորագրման պահից, քանի որ երկուսն էլ կնքվել են միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքների՝ jus cogens-ների, բացահայտ, բազմակի և կոպիտ խախտումներով,
  12. առաջնորդվելով ՄԱԿ-ի իրավանախորդի՝ Ազգերի լիգայի, Հայաստանի սահմանները որոշող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի անդամությամբ հանձնաժողովի զեկույցի առաջարկներով (24.02.1920թ.), որը նախատեսում էր Հարավային Կովկասում սահմանազատումն իրականացնել ազգային տեղաբաշխման սկզբունքով,
  13. ընդունելով, որ Հարավային Կովկասում սահմանազատումն ու սահմանանշումը, ըստ Սևրի պայմանագրի (10.08.1920թ.) 92-րդ հոդվածի, վերապահված է Գլխավոր դաշնակից ուժերին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա), որոնք էլ, իրենց հերթին, պետք է ղեկավարվեն Հայաստանի սահմանները որոշող վերոնշյալ հանձնաժողովի առաջադրած ազգային տեղաբաշխման սկզբունքով՝ հիմք ընդունելով հայ-թուրքական սահմանը որոշելու պահին (22.11.1920թ.) եղած ժողովրդագրական իրավիճակը,
  14. կարևորելով, որ Միացյալ Նահանգները ճանաչել են նշյալ սկզբունքը, ներառելով այն ընդգրկող փաստաթուղթն ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի Ամբողջական զեկույցի մեջ (22.11.1920թ.), որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ,
  15. գիտակցելով, որ Սևրի պայմանագիրը (10.08.1920թ.) ստորագրվել է «բարձր պայմանավորվող կողմերի» միջև, հետևաբար, ըստ Վիեննայի Պայմանագրերի մասին միջազգայնագրի (1969թ.) 2-րդ հոդվածի 6-րդ կետի, և Պայմանագրերի նկատմամբ պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի միջազգայնագրի (1978թ.) 2-րդ հոդվածի 11-րդ կետի, կողմերը պարտավորվում են պայմանագիրն ընդունել որպես կատարման համար պարտադիր փաստաթուղթ, անկախ պայմանագրի ուժի մեջ մտած կամ չմտած լինելուց,
  16. նկատի ունենալով, որ Ադրբեջանական Հանրապետությունը Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտով (18.10.1991թ.) իրեն հայտարարել է Ադրբեջանի առաջին հանրապետության (1918-1920թթ.) ուղղակի իրավահաջորդը, ըստ այդմ չեղյալ է հայտարարել միչևիսկ Լեռնային Ղարաբաղի իր հետ ունեցած վարչական կապը, որը գոյություն է ունեցել Ադրբեջանական ՍՍՀ գոյության մի ժամանակահատվածում (1921-1991թթ.),
  17. հաշվի առնելով, որ 16.12.1991թ. Բրյուսելում Եվրոպական համայնքի (ներկայումս՝ Եվրոպական Միություն) երկրների արտգործնախարարները «Արևելյան Եվրոպայում և Սովետական Միության [տարածքում] նոր պետությունների ճանաչման ուղենիշների» վերաբերյալ հռչակագրով ընդունել են սահմանների փոփոխելիության հնարավորությունը «խաղաղ միջոցներով և ընդհանուր համաձայնությամբ»,
  18. շեշտելով, որ նույն հռչակագրով «բոլոր սահմանների անձեռնմխելիության» նկատմամբ հարգանքը պայմանավորված է եղել «օրենքի իշխանության, ժողովրդավարության և մարդկային իրավունքների» հարգանքով, ինչպես նաև «էթնիկ, ազգային խմբերի և փոքրամասնությունների իրավունքների երաշխավորմամբ», որոնցից և ոչ մեկը չի իրականացվել ադրբեջանական պետության կողմից,
  19. հիշելով, որ 1918-20թթ. և 1991-94թթ. Ադրբեջանական Հանրապետությունն իր հայազգի քաղաքացիների և բնակիչների նկատմամբ իրականացրել է ռազմական միջոցներով էթնիկ զտման, իսկ 1920-91թթ.՝ ազգային խտրականության բիրտ քաղաքականություն,
  20. չմոռանալով նաև, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հանրաքվեներ, հայցադիմումներ, կոչեր և այլն) Ադրբեջանը հակադրել է բռնի ուժ, խաղաղ բնակչության դեմ ներքին զորքերի օգտագործմամբ ձեռնարկել է ոչ համարժեք պատժիչ գործողություններ, պետականորեն կազմակերպել է Ադրբեջանի հայ բնակիչների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), վարձկանների օգտագործմամբ (ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն) խաղաղ բնակչության դեմ սանձազերծել է անողոք պատերազմ և ի վերջո խայտառակ ռազմական պարտություն է կրել,
  21. ընդգծելով այն հանգամանքը, որ Ադրբեջանական ՍՍՀ-ն ԽՍՀՄ-ից անկախացել է ԽՍՀՄ այդ ժամանակ գործող օրենսդրության ոտնահարումով, մասնավորապես ԽՍՀՄ-ից սովետական հանրապետությունների անջատման մասին օրենքի (03.04.1990թ.) 3-րդ հոդվածի խախտումով, որով ինքնավար միավորներին տրվում էր առանձին հանրաքվեով իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունք, 


Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, գործելով իր իրավասությունների շրջանակում (ՀՀ Սահմանադրություն, հոդված 62), սույն հայտարարությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության նախագահին, որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 49), քայլ անել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ՝ վերականգնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի Հարապետության կողմից վերահսկվող ողջ տարածքի վրա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել որպես Հայաստանի Հանրապետության Արցախի մարզ:

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, առանձին երկրների օրենսդիր և գործադիր իշխանություններին, մասնավորապես այն երկրներին, որոնք Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեն միջազգային իրավունքով ամրագրված պարտավորություններ, անել ամեն ինչ՝ վերականգնելու ՀՀ ոտնահարված ինքնիշխանությունը միջազգային իրավունքի, միջազգային առաջարկների և պարտավորությունների կիրառման պարագայում աներկբայորեն ՀՀ մասը հանդիսացող այն տարածքների նկատմամբ, որոնք ստալինա-սովետական վարչատարածքային բաժանման և ռուս-թուրքական քաղաքական գործարքի հետևանքով հայտնվել են Ադրբեջանական ՍՍՀ վարչական ենթակայության ներքո և ներկայումս էլ շարունակվում են ռազմակալված մնալ Ադրբեջանական Հանրապետության կողմից:


կատարված է անկախ փորձագետ
Արա Պապյանի կողմից,
19 նոյեմբերի, 2008թ.
ք. Երևան, Հայաստան